Այն մի շղթայի օղակ է, որով պարագլուխը փորձում է վերացնել այն վերջին արգելապատնեշը, որ դեռ դիմադրում է իր ավտորիտար ձգտումներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Այս պահից սկսած Հայաստանը մտնում է քաղաքական նոր փուլ, որի առանցքում այլևս միայն իշխանության պահպանումը չէ, այլ նաև հոգևոր ու ազգային ինքնության վերջին մաքուր կառույցի՝ Եկեղեցու և նրան աջակցող մեծ հայերի վարկաբեկումը և չեզոքացումը։
Եկեղեցին այսօր մնացել է այն միակ կառույցը, որը պարագլուխը չի կարողանում վերահսկել։
Չի կարողանում և չի էլ կարողանալու, որովհետև այստեղ գործում են ոչ թե նախարարական կամ վարչական հրահանգները, այլ հոգևոր կանոններ, դարավոր ավանդույթ, ժողովուրդին պատկանող հավատ և հոգևոր արժանապատվություն։ Իսկ ժանրի կանոններին համաձայն՝ հոգևոր կառույցին հարվածելու ամենանենգ ու գործուն եղանակը նրա բարոյական հեղինակությանը կպնելն է՝ այն վարկաբեկելու համար, որն էլ այս սրբապիղծները փորձում են անել։
Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցու կողքին կանգնելը, նրա պաշտպանությունը, այս իշխանության համար հնչեց որպես վտանգի ազդանշան։
Վտանգ, որովհետև գործ ունեն մեծ գործարարի և բարերարի հետ, ում հնարավորություններն ու ազդեցությունը դուրս են սրանց վերահսկելի միջակայքից։
Այս ամենին հաջորդեց վարչախմբի կանխատեսելի արձագանքը՝ նրանք հիստերիկ ցնցումների մեջ ընկան՝ սկսվեց քրեական գործերի հարուցում, պետականորեն համակարգված մեդիաարշավ և սեփականության դեմ անօրինական յուրացումների գործընթաց։
Այստեղ անհրաժեշտ է կանգ առնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։
Իրենց մեդիառեսուրսների միջոցով նրանք փորձում են հասարակությանը համոզել, թե սա ռուսական սցենար է՝ Հայաստանի՝ իբր «գուբեռնիա» դարձնելու նպատակով։ Ոչ մեկը հարցի չի տալիս՝ արդյո՞ք Ռուսաստանին, որը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի 1/8 մասը, որտեղ կան անսահման բնական հարստություններ, պետք է նման գուբեռնիա, որից ավելի շատ հոգս կա, քան օգուտ։ Սա անհեթեթ տրամաբանություն է։
Բացի այս, միլիոնավոր հայեր, որոնք ապրում են Ռուսաստանում, բայց շարունակում են սրտանց սիրել Հայաստանը, այդ սերը նրանց չի դարձնում ոչ «Պուտինի շպիոն», ոչ էլ հակապետական տարր։
Նույն կերպ՝ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում բնակվող հայերը, ովքեր մտահոգ են Հայաստանի ճակատագրով, «ցռու-ի, մի 6-ի ագենտներ» կամ «սորոսականներ» չեն։ Սա հիվանդ մտածողություն է, երբ ցանկացած սրտացավության ակտ ներկայացվում է որպես դավադրություն։
Իշխանության իրական նպատակն է՝ պառակտել հասարակությունը, վարկաբեկել ազգային ինստիտուտները, վերջնականապես չեզոքացնել ամեն բան, որ դուրս է իրենց վարչական վերահսկողությունից։ Իսկ Եկեղեցին այդ ամենից վերջին ու «ամենավտանգավոր» արգելքն է։
Սամվել Կարապետյանի կալանավորումը հենց այս պայքարի մաս է։
Ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք ամուր և հաստատակամորեն կանգնել մեր Եկեղեցու, ինչպես նաև այն մարդկանց կողքին, ովքեր պատրաստ են հանուն այս պայքարի ենթարկվել հետապնդումների, կրել զրկանքներ։
Դա հայ մնալու և մեր ազգային արժանապատվությունը պահպանելուն ուղղված գործողությունների շարքում մի շատ կարևոր քայլ է։
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ.Գ.
Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման: